Հավանաբար Դուք շատ հաճախ գնումներ կատարելիս սպասում եք զեղչերի՝ իրական զեղչերի: Ձեզ գրավում են խանութների ցուցափեղկերը՝ մեծ գրառումներով՝ 30% զեղչ, 40-50% զեղչ, միգուցե` 60- 70% զեղչ, կամ ուղղակի զեղչ զեղչ զեղչեր….:

Շատ գայթակղիչ է թվում, խանութներում չեն դադարում այցելուները, մարդիկ երբեմն գնումներով, երբեմն էլ դատարկաձեռն հեռանում են: Կամ միգուցե հենց Ձեզ է բախտ վիճակվել զեղչային արշավ իրականացնել Ձեր խանութում:

Զեղչերը տարբեր են լինում, առհասարակ, զեղչային միջոցառումներն են տարբեր լինում: Դրանք շատ հաճախ կապված են լինում որևէ իրադարձության հետ, սեզոնային փոփոխությունների հետ, բայց հիմնականում դա արվում է հին ապրանքը նորով փոխարինելու համար, այսինքն «հին» ապրանքի մնացորդները «մաքրելու» համար: Դուք շատ հաճախ կհանդիպեք խանութում, օրինակ նախորդ սեզոնի հիթ դարձած ապրանք, որը միգուցե մնացել է անգամ զեղչերից հետո: Խանութների մենեջերները սխալվում են` դրանք սպառողին ներկայացնելով նոր ապրանքի շարքերում, ինչն էլ իր հերթին փոխում 1 այդ խանութի հանդեպ վերաբերմունքy ՝ «ստիպելով» մտածել, որ սպառողներին ուզում են մոլորեցնել: Թու՛յլ մի տվեք այդ սխալը հարգելի մարքեթոլոգներ: Խանութում մշտապես ունեցե՛ք անկյուն , որտեղ միշտ առկա են զեղչված ապրանքների մնացորդները, դրե՛ք դրանց վրա գնային սահմաններ, օրինակ, 1000- 10000 դրամանոց ապրանքներ: Գրավեք սպառողին այդ ճանապարհով: Նույնիսկ, եթե չեք ուզում Ձեր հիթ դարձած ապրանքատեսակի գինը կտրուկ իջեցնել, միևնույն է, կատարեք շատ փոքր զեղչ և առանձնացրեք այն խանութի առանձին հատվածում: Մի՛ բարկացրեք Ձեր սպառողին:

Շատ հաճախ խանութների մենեջերները բողոքում են, որ նույնիսկ զեղչային միջոցառումներից հետո իրենց խանութները բավարար ձևով չեն « մաքրվում»: Հավատացե՛ք դա ևս պետք է անել տարերայնորեն, կարծես թե աշխարհի վերջը եկել է:

Պետք է համոզել գոնե մտնել Ձեր խանութը, գոնե տեսնել այնտեղի իրարանցումը: Հիշե՛ք  Հովհաննես Թումանյանի «Գիքորը» և համանուն ֆիլմը: Հիշում ե՞ք հայտնի «էստի համեցե՛ք»-ը: Ձեզ թվում է, թե այժմ այն կիրառելի չէ: Դիտեք այս տեսահոլովակները ու հասկացեք, թե ինչ եռանդով պետք է իրականացնել զեղչային միջոցառումը: Չէ՞ որ Դուք ուզում եք Ձեր նոր ապրանքը վաճառվի, դե ուրեմն ազատեք Ձեր խանութի դարակները հին ապրանքից: Այս նկարահանումները կատարել եմ անմիջապես Ամանորյա տոներից հետո, քանի որ իրական զեղչերը սկսվում են ոչ թե նախատոնական շրջանում, այլև անմիջապես տոներից հետո:

Դուք այս «մեղեդային աղմուկը» սովորական օրերին չեք լսի, եթե անգամ լսեք, ապա ոչ այսպես մասսայական: Սրանք խանութների աշխատակիցների քաղցրահունչ ձայներն են, ովքեր ամեն կերպ համոզում են սպառողներին իրենց խանութ մտնել: Պարտադիր հանգամանք է բարձր տրամադրությունը և ժպիտը: Չէ՞ որ զեղչը երկար սպասված տոն է, որի ժամանակ Դուք Ձեզ թույլ եք տալիս գնումներ կատարել:

Ուշադրություն դարձրե՛ք, որ նման կերպ վարվում են և՛ բրենդային, և՛ ոչ բրենդային խանութները:

Կարևորը այստեղ զեղչային տրամադրություն առաջացնելն է, մարդկանց ուղեղում գնում կատարելու միտքը հղացնելն է, եթե անգամ վերջիններս մտադիր չեն դա անել: Եվ, երբ Ձեզ արդեն հաջողվում է սպառողին ներս հրավիրել խանութ, արեք նրա համար ևս մեկ անակնալ, որպեսզի նա այլևս հետ չկանգնի գնում կատարելու մտքից: Ես բավականին զարմացա, որպես սպառող, երբ 70% զեղչ սահմանած խանութում, իմ ընտրած ապրանքի վրա  ևս 10% զեղչ արեցին: Դուք միշտ այդ պահեստային զեղչը կարող եք իրականացնել:

    Դա կպայմանավորի Ձեր հաջողությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով