Բիզնեսում և կյանքում հաջողություն  ունենալու լավագույն գրավականը սեփական անձի ճիշտ դրսևորումն  ու ճիշտ մտածելակերպն է տարբեր իրավիճակներում: Հավանաբար, Դուք Ձեր կյանքում գոնե մեկ անգամ կարդացել եք Դեյլ Կարնեգի, Նապոլեոն Հիլ կամ էլ համաշխարհային ճանաչում ձեռք բերած միլիարդատերերի կենսագրական նյութերը, խրատները, ուղեցույցները: Սակայն, այնուամենայնիվ, Ձեր մոտ մի բան այնպես չի ստացվում:

Դուք քաջ գիտակցում եք, որ հաջողությունը Ձեր ձեռքերում է, սակայն այն դեռևս չեք կարողանում շոշափել և պատճառներ եք փնտրում Ձեր մեջ: Երբ ես ասում եմ հաջողություն, խոսքը վերաբերում է ոչ միայն գործնական հաջողություններին այլև անձնական կյանքում տարբեր նպատակների իրականացմանը: Եվ որքան էլ Դուք ուսումնասիրեք հայտնի մարդկանց հաջողությունները և փորձեք Ձեզ ուղղորդել որևէ քայլերի կամ որոշակի կարգախոսներով առաջնորդվել, հիշե՛ք մի բան: Այս կյանքում Ձեզանից լավ ուրիշ ոչ ոք Ձեզ չի կարող ներկայացնել հասարակությանը, շրջապատին: Եթե Դուք իրոք ցանկանում եք Ձեր հաջողությունը զգալ, բաժանեք Ձեզ երկու մասի: Ձեր մի մասը լինելու է կատարողը, իսկ մյուսը կարգադրողը:

Ձեզ համար հաջողությունը կամ նպատակը կարող է լինել տարբեր՝ կախված Ձեր կյանքի հանգամանքներից: Միգուցե Դուք ուզում եք վերականգնել նախկին բարի համբավը, հեղինակությունը, գործնական շրջապատում որևէ իմիջ ձևավորել կամ դիրք գրավել, նվաճել մարդկանց համակրանքը, սերը, վստահությունը, դառնալ ավելի գրավիչ, գայթակղիչ և այլն: Կարևոր չէ, թե սրանցից, որին եք Դուք ձգտում, կարևորը թե Դուք ինչպես պետք է Ձեր երկրորդ ենթակա կեսին կառավարեք Ձեր առաջին կարգադրող «ես»-ով:

Այսպիսով, այսուհետ Դուք իրականացնում եք Ձեր սեփական անձի մարքեթինգ:

 Ձևակերպե՛ք Ձեր հեռանկարները կամ որ նույն է, ինչպես վերը նշեցի, ձևակերպե՛ք Ձեր հաջողությունը:

Հիշե՛ք յուրաքանչյուր թերություն ունի իր առավելությունը՝ կախված թե ինչպես եք այն մատուցում: Օրինակ, մեկի համար շատախոսությունն է թերություն, մյուսի համար էլ քչախոսությունը: Սակայն, եթե Դուք առաջին դեպքն եք ու եթե Դուք Ձեզ մատուցեք որպես անմիջական, անկեղծ, շփվող, մշտապես արտահայտվող, չթաքցնող, պարզ ճակատով, չփնթփնթացող՝ այլ նկատող, ապա Ձեր այդ «թերությունը» ուրիշ կերպ կընկալվի: Այսինքն, կարևորը ճիշտ, դրական հոմանիշի ընտրությունն է:

Իսկ եթե Դուք քչախոս եք, Դուք Ձեզ կարող եք մատուցել, որպես զուսպ, դիմացինին լսել սիրող, հասկացող, ըմբռնող, դիմացինի վիճակի մեջ մտնող և ոչ թե բարդույթավորված, չշփվող, անքաղաքավարի մարդու տպավորություն թողնելով: Կրկին նշեմ, որ սրանով Դուք Ձեր էությունը չեք փոխում, Դուք ընդամենը Ձեզ փորձում եք ավելի ճիշտ ներկայացնել:

Սակայն ամեն դեպքում, որպես խորհուրդ հետևեք՝ ավելի քիչը ավելի շատ է: Այո՛, երբեմն պետք է լռել, այն Ձեզ ավելի շատ բան կտա, քան թե ասված սխալ խոսքը:

Նույնը կարելի է ասել հետևյալ թերությունների մասին, դրանք լավ կողմից դիտարկելու առումով:

 

Եթե Դուք ճշտապահ չեք և միշտ ուշանում եք, Դուք կարող եք ասել, որ Ձեզ դուր չի գալիս դիմացինին սպասեցնել, բայց այդ մի քանի րոպեն Ձեզ միշտ ստիպում է ավելի ու ավելի գնահատել ժամանակը ու անհամբեր սպասել ամեն հանդիպմանը:

Եթե Դուք վախկոտ  եք, ոչ ռիսկային, Դուք կարող եք ասել, որ Դուք զգուշավոր եք, միշտ ապահովագրվող, փորձանքից միշտ խուսափող:

Իսկ եթե Դուք ստող եք, ապա ոչ մի ձևով պետք չէ հոմանիշ փնտրել: Հիշե՛ք որ ժամանակին ներողություն խնդրելը Ձեր հեղինակությունը միշտ կբարձրացնի:

Ձեր առավելությունը դարձրեք տեսանելի:

Անառիթ դեպքում պետք է չէ ինքնագովազդով զբաղվել, բայց, երբ առկա են նպաստավոր պայմաններ, Դուք կարող եք Ձեր, օրինակ բարությունը, ազնվությունը, մեծահոգությունը, անկեղծությունը, առատաձեռնությունը, լրջությունը, կարգապահությունը և այլ դրական կողմերը, ցուցադրել նշելով՝ «այ այս պարագայում ես այսպես կվարվեի» արտահայտությունը:

Եղեք լուծում կամ լուծման տարբերակ, ոչ թե խնդրի մի մաս:

Ցույց տվեք մարդկանց, որ նրանք ունեն այլ հնարավորություններ, բայց Դուք եզակի եք (որևէ արարք կամ քայլ իրականացնելիս):

   Որոշ բաների վերաբերվեք հումորով, ինչպես ներքուստ (դա Ձեզ կօգնի դուրս գալ դժվար իրավիճակներից), այնպես էլ արտաքուստ:

    Եղեք ամեն իրավիճակի դեպի դրական կողմնորոշողը:

 Հաղորդեք ամեն ինչին ներդաշնակություն (Ձեր խոսքը, ձայնը, ձայնի տոնայնությունը, տեղանքի մթնոլորտը, շարժուձևը, մինչև անգամ հագուստն ու այլ պարագաները պետք է լինեն ներդաշնակ):

Թողեք, որ երբեմն մարդիկ գործի դնեն իրենց երևակայությունը, և ամեն ինչ մի բացահայտեք նրանց համար:

Որսացեք ակնթարթը: Բաց մի թողեք պահը ճիշտ արտահայտվելու ճիշտ ժեստ անելու:

Վերլուծեք ինքներդ Ձեզ մինչ այդ ամենը և այդ ամենը իրականացնելուց հետո:

Եղեք լավատես, անգամ եթե Ձեզ ինչ որ բան այն չէ թվում, թույլ տվեք, որ դիմացինը չկասկածի Ձեր լավատեսությանը:

Վերլուծեք Ձեր մտքեր:

Երբեմն ասեք  ոչ թե այն, որ ուզում եք ասել, այլ այն թե ինչ կցանկանար լսել Ձեր դիմացինը:

Սա, կոպիտ ասած, նման է ապրանք առաջարկելու և վաճառելու մի գործընթացի: Դուք վաճառում եք ոչ թե ապրանքը, այլ այն օգտակարությունը, որը ուզում է տեսնել սպառողը: Եվ որքան էլ Դուք ուզենաք պատմել կամ կարծիք ձևավորել Ձեր ապրանքի մասին, Ձեր վերջնական նպատակը այն վաճառելն է: Ուրեմն Դուք Ձեզ պետք է «գնորդի» աչքում գրավիչ դարձնեք:

  Եթե Դուք ցանկանում եք նվաճել Ձեր հաջողությունը, ուրեմն նվաճեք այն, այլ ոչ թե ուղղակի ցանկացեք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով